Սուրբ Հարություն եկեղեցի
Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում։ Մուտքի բարավորի վրա պահպանվել է եկեղեցու շինարարական արձանագրությունը․«Մելիքջալու գեղջ բնա/կիչքս շինեցինք Սբ. Յարու/թեան եկեղեցիս 1889 թ.»։ Ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է,արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան՝ աջ և ձախ կողմերում երկու ավանդատներով։ Արտաքուստ երկթեք տանիքը ներքուստ թաղակապ է։ Միակ մուտքը բացվում է հարավից, լուսավորությունը ստանում թվով հինգ լուսամուտներից,որոնցից մեկն բացվում է հարավային, երեքն՝ արևելյան, մեկն արևմտյան կողմերում։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարից, անկյունային եզրաքարերը,շքամուտքը, լուսամուտների եզրաքարեը սրբատաշ են։ Եկեղեցին ունի 16,3 մետր երկարություն, 9,2 մետր լայնություն, 6 մետր բարձրություն։ Եկեղեցին Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ, հենց այդ ժամանակ էլ տանիքը թիթեղապատվել էր։ Մելիքաշենը , որը հայտնի է նաև Մելիքջանլու անունով, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի օգոստոսին գրավվել և հրկիզվել է ադրբեջանական զինված խմբավորումների կողմից, սակայն մեր ազատամարտիկներին հաջողվել է դուրս մղել թշնամուն գյուղից՝ պատճառելով մեծ վնասներ։ 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։


