Կրկին մշակութային անհանդուրժողականություն, կրկին վանդալիզմ
2022 թվականի մայիսի 8-ին համացանցում կրկին տեսանյութ է հայտնվել (https://t.me/ararathau/13271) , որտեղ ադրբեջանցի զինվորականի կողմից ջարդուփշուր են արվում հայկական մի շարք խաչքարեր։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային մի շարք կոնվենցիաների (ՅՈՒՆԵՍԿՈ, ՀԱԱԳԱ) պահանջներ, որոնք ուղղված են մշակութային արժեքների պահպանմանը, և ոչնչացնել հայկական մշակութային արժեքները, իր զինվորակաների ու բնակչության մեջ խորը արմատավորելով հայատյացությունը:
Այս անգամ վանդալիզմի է ենթարկվել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամների ջանքերով կառոցված մատուռն ու շրջակայքի խաչքարերը: Սրբատեղին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, այն պետք է ծառայեր ինչպես հավատավոր զինվորականներին, այնպես էլ բնակիչներին: Մատուռի շուրջ տեղադրվել են 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների անունով խաչքարեր: Նոր մատուռի բացման եւ օծման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին: