Սրբատեղի «Չուրվիշ», 17-18-րդ դարեր
Գտնվում է Թաղավարդ գյուղի մաս հանդիսացող նախկին «Կալեր» գյուղի կենտրոնական հատվածում` տեղադրված բարձր կոնաձև բլրի գագաթին:
Ուղղանկյուն փոքր միանավ թաղակապ մատուռ է՝ լայն կիսաշրջան խորանով: Մուտքը արևմտյան ճակատից է: Լուսավորվում է խորանի ու հարավային ճակատից բացված մեկական փոքր պատուհաններով: Հատակը հողածածկ է: Խորանը ունի ցածր, վատ պահպանված բեմ: Կառուցված է կոպտատաշ ու անմշակ քարերով և կրաշաղախով:
Մատուռը վնասվել է 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, օդային ռմբակոծությունից:
Թաղավարդը գտվում է Մարտունու շրջանում՝ Վարանդա գետի աջ ափին:
Բնակավայրը շրջապատված է անտառներով և պտղատու այգիներով: Միջնադարում գյուղը գտնվում էր Բերդահոնջ ամրոցի մոտ, որտեղ առայսօր պահպանվում են համանուն եկեղեցու փլատակները, պարիսպների, ամենազանազան շինությունների հետքերը,ստորգետյա անցուղիները: 19-րդ դարի վերջերին Ներքին Թաղավարդն ուներ170 տուն, 1140 բնակիչ, Վերին Թաղավարդը՝137 տուն, 895 բնակիչ: Թաղավարդում 2018 թ. կար 329 տուն, 1261 բնակիչ: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:
Գյուղի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից:












