Վտանգված են հայկական պատմամշակութային հուշարձանները
2021թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վտանգի տակ են հայտնվել հայկական պատմական և մշակութային հուշարձանները: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «իրենց բնորոշ յուրատեսակ պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների հանդեպ:
Այդ տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող, պատերազմական հանցագործությունները գովաբանող զանազան տեսանյութեր են հրապարակվում համացանցում, որոնք Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցներ են: Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված ռմբակոծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ւսկ հետագայում վնասել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։
Իսկ այսօր Ադրբեջանի նախագահը ցինիկաբար խոսում է Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածում իբր 67 մզկիթների մասին:
Հարկ է որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդյունավետ քայլեր ձեռնարկի, ապահովելու համար հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: