Բանանց
Գյուղի անունը ստուգաբանվում է, որպես բանանոց (աշխատելու վայր): Հակառակ գյուղի բազմադարյան գոյության ու ըստ ամենայնի փառավոր անցյալի` գրավոր աղբյուրներում Բանանցի մասին պահպանված վկայությունները խիստ աղքատիկ են:
Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թ-ից է: Հայտնի է, որ այդ թվականին «…Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր…» մասնակցել էին ավելի վաղ (1453 թ.) ստեղծված մի Ավետարանի նորոգության գործին (նորոգող` Հովհաննես Շատախեցի): ԺԹ դարավերջին գյուղը կալվածատերեր Հովսեփ-բեկ Տեր-Իսրայելյանցի և Հովսեփ Տեր-Հովսեփյանցի նստավայրն էր:
Նրանց էր պատկանում Աղխաչ (Շահդաղ) տեղամասը:1905-1906թթ.` հայ-թաթարական (թյուրքական) ընդհարումների ողջ ժամանակահատվածում, թուրք խուժանն այդպես էլ Բանանցի վրա հարձակվելու համարձակություն չունեցավ, սակայն դարանակալելով գյուղից դուրս` նրանց հաջողվել է «հոշոտել» մի քանի բանանցեցիների: Այսպես, 1906թ. մարտի 16-ին թուրքերը սպանել են 65 գլուխ տավարը արածացնելու տարած Կարապետ Բալյանցին, նրա երկու որդիներին և եղբորորդուն:
Թուրքերը 9 տարեկանին մորթել են, իսկ մնացածին` գնդակահարել: Նույն թվի մայիսի 16-ին Բանանցի այգիներում դարանակալ թուրքերը սպանել են 34-ամյա Զաքար Շահմուրադյանցին: 1906թ. սեպտեմբերի 19-ին դարանակալ գնդակի զոհ է դարձել նաև Արտեմ Աթանասյանը:
Բնակչություն
Առնվազն մ.թ.ա. 4-3 հազարամյակներից մինչև գրեթե վերջին բռնագաղթը Բանանցը մշտապես եղել է ողջ երկրամասի առավել մարդաշատ բնակավայրերից մեկը: Այդ են վկայում գյուղի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից մեզ հասած բազմաթիվ ընդարձակ գերեզմանոցները: Դա են հաստատում նաև գյուղի տարածքում կանգուն կամ ավերակ եկեղեցիների ու մատուռների առատությունը:Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, առկա են միայն 19-րդ դարի սկզբներից:
Այդ տվյալների հավաքագրումն ու համադրումը հնարավորություն է ընձեռում արձանագրել մի իրողություն, ըստ որի ամբողջ 19-րդ դարում և մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բանանցի բնակչության թվաքանակն ընդանուր առմամբ շարունակաբար աճել է:
Դպրոց
Բանանց գյուղի եկեղեցական-ծխական դպրոցը Հյուսիսային Արցախի առավել հին և կանոնավոր դասընթաց ապահոված կրթական հաստատություններից է: Վավերագրերը դպրոցի բացման ժամանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն հաղորդում:
Տարբեր աղբյուրներ դպրոցը բացված են համարում 1871-1873 թթ. միջակայքում: Ժամանակի լրատվական մի հաղորդման համաձայն էլ հաստատությունը կյանքի է կոչվել 1873թ. գանձակեցի Ն. Տեր-Ներսիսյանցի ջանքերի շնորհիվ: Կրթօջախի հեղինակությունն արդեն 1876-77 թթ. այնքան բարձր էր, որ ոչ միայն մերձակա, այլև անգամ Սևանի ավազանի գյուղերից գիշերօթիկ կարգով երեխաններ էին հաճախում դպրոցում ուսանելու:
Զբաղմունք
Բնակիչները զբաղվում էին հանքագործությամբ, ածխագործությամբ և հողագործությամբ: Գյուղում գործել է յոթ երկաթաձուլարան:Հուշարձաններ.Սբ Լուսավորիչ և Սբ Աստվածածին գյուղամիջյան եկեղեցիներ, Մեծ կամ Հին, Յանցի, Բոլորաձորի, Մազի, Եկեղեցաձորի, գյուղամիջյան և այլ կամուրջներ, ու հնագիտական հուշարձաններ (դամբարանաբլուրներ):
1989 թվականի հուլիսի 27 ին գյուղի վերջին բնակիչները ենթարկվեցին բռնագաղթի, որով և հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Բանանցում մարեց հայ կյանքը: Նրանք գլխավորապես բնակություն հաստատեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջաններում: Տեքստը և լուսանկարները
Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքից:




