Բերդավանի վանք, կամ Բերդավանք
Վանք Հադրութի շրջանի Ղուշչիլար գյուղում: Թաղածածկ դահլիճի հորինվածքով այս միանավ եկեղեցին կառուցված է տեղական խառը կամ անմշակ քարերով ու կրաշաղախով:
Թաղն իրականացված է կիսաշրջանաձև և առնվազը երկթեք ծածկի տակ: Հուշարձանը ներկայումս գտնվում է կիսավեր վիճակում: Պատերը զգալիորեն քանդված են: Դրանց հաստությունը չի անցնում 90սմ-ից: Մուտքն ըստ էության բացվում էր արևմտյան կողմից, որն այժմ պատի ավերակված լինելու պատճառով գոյություն չունի:
Եկեղեցին ունեցել է ըստ էության թվով երկու լուսամուտներ, որոնք բացվել են արևելյան և արևմտյան կողմերից: Վերջինս արևմտակողմ պատի փլուզման հետևանքով ներկայումս չի պահպանվում: Արեւելյան կողմում խորանն է, որտեղից բացվում է մեկ լուսամուտ: Հուշարձանն ունեցել է բեմ, որն այժմ քանդված է:
Բեմի կամ խորանի աջ ու ձախ կողմերում խորանի կիսակլոր պատի խորության մեջ առկա են երկու քառանկյունաձև որմնախորշեր կամ մեկական պտրհաններ, որտեղ ըստ էության պահվում էին եկեղեցու սրբությունները: Եկեղեցին ներքուստ ավանդատներ չի պարունակում: Ներքուստ եղել է սվաղված, որի մնացորդները մասամբ պահպանվում են: Հուշարձանը կարելի է վերագրել 16-17-րդ դդ: Վանքն ունեցել է այլևայլ շինություններ, պարսպապատ, որոնք սակայն ավերակված են: Եկեղեցու քահանան գալիս էր Նորաշեն գյուղից:
Ղուշչիլար գյուղը հիմնված է Վելիջան –Իշխանի բերդասարից դեպի արևելք խոնարհված լանջի վրա, բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Ղարադաղից: 1807 թվականին գյուղն ուներ 149 բնակիչ, իսկ ահա 1895 թվականին այդ թիվը կրճատվել հասել է 63-ի: Ըստ Մակար Բրխուդարյանի 36 արական և 27 իգական սեռի:Գյուղը վերջնականապես լքվել է 1939 թվականին:Բերդավանքի և գյուղի մասին տեղեկությունները շատ ժլատ են, միգուցե հետագայում նոր տեղեկություններ գտնվեն:
Լուսանկարները Գ. Բուդաղյանի