Կրթական գործը Շուշիում 1820-1920թթ.
Ադրբեջանը հետևողականորեն ամեն քայլի գնում է, բռնազավթված հայկական տարածքներում հայկականությունը, հայկական ինքնության հետքերը ջնջելու համար:
Եվ այս քաղաքականության ամենակենտրոնական դերում հայտնվել է Շուշին: Այսպես. Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը սույն թվականի սեպտեմբերի 17-ին իր թվիթերյան էջում նշել է, որ Բաքուն պատրաստվում է 2023 թվականին Շուշին հռչակել ,,Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք,, ու սա դեռ ամենը չէ, նոյեմբերի 10-ին նույն նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել՝ պատմական Շուշի քաղաքը ,,ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում,, ընդգրկելու համար: Այս և նման քայլերով Ադրբեջանը ոտնահարում է, ոչ միայն հայության, մշակութային իրավունքները, այլև մի շարք միջազգային կոնվենցիաներ, մշակույթի պաշտպանության հոդվածներ ու իրավական նորմեր: Իսկ մենք այս էջում կփորձենք ներկայացնել Շուշիի մշակութային անցյալը: 1820-ական թթ․Շուշիի խանության վերացումից հետո քաղաքը դարձավ արևելահայոց և ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, ուր լայն թափ ստացավ կրթական-մշակութային կյանքը։
Այս նյութում մենք կանդրադառնանք հատկապես կրթությանը: Եվ ասպես. 1820-1920 թթ․ ընթացքում Շուշիում գործել են մեծ թվով կրթական օջախներ, որոնցից շատերի համբավը դուրս է եկել երկրամասի սահմաններից։ Լեմսի դպրոց – բացվել է Բազելից ժամանած միսիոներների ջանքերով: Գործել է 1827 – 1837 թվականներին, դպրոցում սովորում էին 10-18 տարեկան 134 աշակերտ: Դպրոցը պատրաստել է մեծ թվով ուսուցիչներ ու քարոզիչներ: 1837 թվականին ցարական կառավարության հրամանագրով արգելվեց Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը:
Ղարաբաղի /Շուշիի/ հայոց թեմական դպրոց – 1838 թվականին Բաղդասար Միտրոպոլիտի ջանքերով հիմնվեց Շուշիի թեմական դպրոցը, որն անուրանալի դերակատարում ունեցավ արցախահայության կյանքում: 19-րդ դարի վերջին դպրոցն ուներ 400-500 աշակերտ: Այս դպրոցում դասավանդել են հայ նշանավոր դեմքեր Պերճ Պռոշյանը, Մակար Բարխուդարյանը, Մանուկ Աբեղյանը, Երվանդ Լալայանը, Հրաչյա Աճառյանը, Նիկոլ Աղբալյանը և այլոք: Դպրոցը նույնպես տվել է նշանավոր մարդիկ, Լեո, Մուրացան, Արամ Մանուկյան, Սիմոն Հախումյան, Աբրահամ Կիսիբեկյան, Նիկոլ Դուման, Արսեն Տերտերյան…1903 թվականին, երբ ցարական հրովարտակով փակվեցին հայկական դպրոցները, փակվեց նաև թեմականը, մի շարք ուսուցիչներ ձերբակալվեցին: Վերաբացումից հետո դպրոցը գործեց մինչև 1920 թվականը:
1864 թվականին Պետրոս Շանշյանի և Մարիամ Հախումյանի ջանքերով, վերջինիս տանը բացվում է Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը սակայն երկար գործունեություն չի ունենում, 1872 թվականին այն արդեն փակվել էր:Հռիփսիմյան իգական դպրոց – հայտնի է, որ Մարիամյան դպրոցի փակվելուց որոշ ժամանակ անց` 1876 թվականին, Արիստակես վարդապետ Սեդրակյանի ջանքերով քաղաքում բացվում է իգական դպրոց և կրում Հռիփսիմյան անունը: Հաջորդ ուս. տարում դպրոցն ուներ 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի: Վերջիններիս թիվը 1881 թվականին արդեն հասել է 120-ի:
Ռեալական ուսումնարան – 1881 թվականին շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը բացվում է մի նոր տիպի դպրոց՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, որը մոտ 40֊-ամյա գոյության ընթացքում պակաս դեր չի խաղացել մատաղ սերնդի կրթության գործում: Շուշիի կրթական ներուժն այդ ժամանակների համար բավականին հզոր էր: Ի տարբերություն ռուսական գիմնազիաների, որտեղ ուսման գործում գլխավոր դեր էին խաղում դասական եւ նոր լեզուները (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն), ռեալական ուսումնարանը գլխավորապես ուշադրություն էր դարձնում բնագիտական ու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա։ Այս դպրոցն ավարտողները իրենց ուսումը մեծ մասամբ շարունակում էին եվրոպական հեղինակավոր կրթական հաստատություններում և Ռուսաստանի տեխնիկական բուհերում:
1901 -1908թթ. Շուշիի պատվավոր քաղաքացի, մեծահարուստ Գրիգորի Մարտենի Առաքելյանի միջոցներով կառուցվել է ռեալական ուսումնարանի եռահարկ շենքը, որի ավերակները կանգուն են առայսօր։Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու երկսեռ դպրոց – 1908 թվականին, Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու գավթում հիմնադրվել է երկսեռ դպրոց, որը 1912 թվականին ուներ 60 աշակերտ:Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու արական դպրոց.- գտնվում էր Սբ Աստվածածին եկեղեցու գավթում: Բացման ստույգ տարեթիվը դեռևս հստակ չէ, սակայն 1873 թ. դրությամբ ուներ 26 աշակերտ:
Վերաբացվել է 1907 թվականին: 1908-09 ուսումնական տարում գործել է 2 բաժանմունքով, 70 աշակերտով: 1915 թ. դպրոցն ուներ 3 ուսուցիչ և 126 աշակերտ:Վերին թաղի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու ,,Թադևոսյան,, արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո:
Եղել է երկսեռ հոյակապ դպրոց, որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան: Կուսանաց անապատի ծխական դպրոց.- բացման տարեթիվն անհայտ է: 1873 թ. գործել է որպես երկսեռ դպրոց և ուներ 12 տղա և 20 աղջիկ աշակերտ: 1884 թ. ուներ 50 աշակերտ (բոլորն էլ տղա): ,,Մարիամ-Ղուկասյան,, դպրոց. 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի իրենց սեփական տանը ,,Մարիամ-Ղուկասյան,, օրիորդաց դպրոց բացելու համար, որը բացվել է 1914-15 ուս. տարում:Հայկական մասնավոր դպրոցներ.- հայտնի է, որ 1881 թ. քաղաքում գործել են նաև մի քանի մասնավոր կրթօջախներ՝ Ա. Բաղդասարյանի (29 աշակերտ), Ա. Պարոնյանի (40 աշակերտ), Ա. Տեր-Գրիգորյանի (30 աշակերտ), Ա. Տեր-Հովհաննիսյանի (35 աշակերտ) և Վ. Շախունցի (30 աշակերտ) դպրոցները:






