Չարեքտարի վանք
Չարեքտարի վանքն Արցախի Վերին Խաչենի նշանավոր հոգևոր կենտրոններից է: Գտնվում է Մարտակերտ– Քարվաճառ շրջանների սահմանագծում` Թարթառ գետի աջ ափի բարձրադիր բլրի վրա, համանուն գյուղի արևելակողմ եզրին:
Վանական համալիրը ներկայումս գտնվում է կիսավեր վիճակում: Դրա հիմնադրման շարժառիթների, ժամանակի և անվան հետ կապված ստույգ տեղեկություններ չեն պահպանվել: Պատմական վկայությունների համար հիմնականում աղբյուր են ծառայում տեղում պահպանված վիմական արձանագրությունները, որոնք, տեղ են գտել հատկապես XIXդ. տեղագրողների գրվածքներում: Վանական համալիրի հիմնական հուշարձանախումբը, բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից, որից պահպանվել է միայն հիմնապատերի կեսը, եկեղեցուն հարավից կցված փոքր եկեղեցուց կամ մատուռից, զույգ աշտարակներով պարսպից, որը կից է գավթին հյուսիսից, սրահից՝ կցված գավթին հարավից և ևս մեկ մատուռից` կից եկեղեցուն հյուսիսային կողմից: Գլխավոր եկեղեցին ունի բազիլիկի հորինվածք, ընդ որում, խորանի լայնությունը հավասար է սրահի լայնությանը, այսինքն` ուղղանկյուն սրահ է, որը որմնասյուներով բաժանվում է երկու մասի: Արևելյան համեմատաբար փոքր մասը ծառայում է որպես խորան, որն աղոթասրահի մակարդակից բարձր է 96 սմ:
Իր ճարտարապետական հորինվածքով և շինարարական տեխնիկայով այն վերաբերում է XII-XIIIդդ., իսկ ավելի ստույգ, ըստ պահպանված վիմագրություններից մեկի՝ կառուցվել է 1260թ.՝ կրելով Սբ. Աստվածածին անվանումը: Փոքր եկեղեցին նույնությամբ կրկնում է գլխավոր եկեղեցու հորինվածքը, միայն ավելի փոքր չափերով:Այս հուշարձանից պահպանվել է թաղակապ ծածկի և կղմինդրե տանիքի մի հատվածը: Կղմինդրների չափերը և ձևը նույնական են Դադիվանքում ու այլ վայրերում ի հայտ բերված կղմինդրների հետ, ինչը փաստում է միևնույն ժամանակաշրջանում (XII-XIIIդդ.) կառուցված լինելու մասին: Դեռևս 2008-2009թթ. տողերիս հեղինակի նախաձեռնությամբ վանական համալիրում առաջին անգամ կատարվել են մանրակրկիտ հետազոտություններ (հնագետ՝ Գ. Սարգսյան, ճարտարապետ՝ Ս. Այվազյան):Պեղումների ընթացքում հիմնական վանական համալիրի հարավային կողմի բակում բացվեցին ժայռին հպված ինչ-որ ուղղանկյուն շինության հետքեր, իսկ նույն բակում` վանական գերեզմանոց՝ տապանաքարերով:
Վանական համալիրն արևելյան կողմից ամրացված է եղել բլրի լանջն ի վեր բարձրացող բազմաստիճան հենապատերի համակարգով, որոնցով արհեստականորեն լայնացված է եղել բլրի տափարակի օգտակար տարածությունը: Հրապարակի հարավարևելյան հատվածում, ըստ ամենայնի եղել են կենցաղային ու տնտեսական ինչ-որ շինություններ, որոնցից պահպանվել են հոր-շտեմարանը և կլորավուն շինության հետքեր: Հենապատերի կործանման և գյուղում նստակեցության անցած խաշնարած բնակիչների ծավալած շինգործունեության հետևանքով, այս հատվածի պատմական միջավայրը հիմնովին աղավաղվել է. կառուցվել են բնակելի ու տնտեսական շենքեր, անասնագոմեր:
Պարսպապատն իր երկու աշտարակներով հետագայում կցակառուցվել է գավթի պատին, ըստ երևույթին, ամրացնելու նպատակով: Համալիրի հյուսիսային մասում հողաշերտի հեռացումից հետո այն շարունակություն չի ունեցել՝ ընդգրկելով միայն ներկայումս կործանված գավթի հյուսիսային պատը: Այստեղ` եկեղեցու հյուսիսային պատին և պարսպի արևելյան աշտարակին կից ի հայտ է բերվել ուղղանկյուն փոքրիկ մի կառույց ևս, ամենայն հավանականությամբ մատուռ-աղոթարան, որը եղել է թաղակապ, պահպանվել է 2-3 շարքի բարձրությամբ և ունի արևմտյան կողմից դեպի գավիթ մուտք: Հետագայում այս կառույցի արևելյան կողմում, դրա ավերումից հետո կառուցվել են աստիճաններ, որոնք տանում են դեպի անասնագոմի ձեղնահարկ: Մատուռի կղմինդրե տանիքը կառուցված է եղել միջնադարի դասական կղմինդրածածկի սկզբունքով՝ դրվել են սեղանաձև կողավոր հարթ կղմինդրները, իսկ նրանց կարանները ծածկվել են կիսակլոր ելուստավոր կղմինդրներով: Եկեղեցու և մատուռի կցման մասում ջրահեռացումը կատարվել է սեղանաձև հարթ կղմինդրներով պատրաստված և դեպի արևելք թեքություն ունեցող առվակի միջոցով:
Վանական համալիրի հարավային կողմի հողաշերտի հեռացումից հետո հայտնաբերվել է 2-3 շարքով պահպանված ուղղանկյուն մեկ այլ կառույց ևս, որի արևելյան և արևմտյան պատերը հարավային կողմից հարում են ժայռազանգվածին: Չարեքտարի վանքում պատմական մեծ արժեք ունեն նաև վիմական արձանագրությունները, որոնք պարունակում են 1152, 1260, 1297, 1360 եւ այլ թվագրություններ: Քիչ չեն նաեւ անթվագիր արձանագրությունները, որոնք ստույգ տեղեկություններ են հաղորդում տվյալ տարածքի մասին եւ կարեւոր աղբյուր են Արցախի պատմությունը ներկայացնելու տեսակետից: Վանքում, հատկապես գավթում, կային բազմաթիվ տապանաքարեր: Խաչքարերն ու տապանաքարերը աչքի են ընկնում հատուկ մշակման տեխնիկայով, բուսական ու երկրաչափական տարատեսակ զարդաքանդակներով:
Այսպես, ուղղանկյուն կառույցի և սյունասրահի միջև ընկած տարածքում ի հայտ բերվեց չորս տապանաքար, որը վկայում է այստեղ վանական գերեզմանոցի առկայության մասին: Դրանցից երկուսը պարունակում են արձանագրություններ: Առաջին տապանաքարի, որ միտումնավոր ջարդված է եղել, առկա է քառատող հետևյալ արձանագրությունը` «Այս է հանգ|իստ Ըստեփ|անոսի քահ|անայի»: Երկրորդ արձանագիր տապանաքարին 7 տողով փորագրված է. «Այս է հանգիս|տ Պետրոսի ե|ղբայր տեառն Մ|արգարէին եւ | Առաքելա, աստուած | ողորմի սմա, ամ|են»: Վանական համալիրի տարածքից և մոտակա բնակելի տների ավերակներից գտնվեցին ինչպես ամբողջական, այնպես էլ բեկորված խաչքարեր, որոնց մի մասի վրա առկա են արձանագրություններ: Ինչպես վանքը, դրանք նույնպես հորինվածքով և քանդակների ոճական առանձնահատկություններով թվագրվում են XII-XIVդդ.:
Տեքստը Սլավա Սարգսյանի











